Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հազա՜ր ամոթ

Հազա՜ր ամոթ
15.08.2024 | 10:01

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն առաջարկում է հայերիս` Բաքվում կայանալիք միջազգային կոնֆերանսին ընդառաջ բոյկոտել այն և չստորագրել խաղաղությանը միտված որևէ փաստաթուղթ, քանի դեռ Ադրբեջանի բանտում են գտնվում մեր հայրենակիցները։

Բա, սա ամոթ չի՞ մեզ ուղղված: ՈՒրեմն, ուրիշը մեր հայրենակիցների մասին ավելի շատ է մտահոգ, քան մե՞նք...

- Թու՜, մեր նամուսին, թու՜ հա...

Աբովյանի հերոսը` Աղասին, երկար դեգերումներից հետո հայտնվում է Դսեղում։ Լոռվա իգիթ տղերքը` դսեղեցի Մեհրաբ Յուզբաշին, Օսմանը, Ագարակցի Չատին, Ջիլավը, գյուլլուբաղցի Դոնղուզ Ղռանը, հաղպատեցի Պրանը, շնողնեցի Վերանը, սանահնեցի Ռամազը, արդվեցի Լեզգի Պետոն, նեղոցեցի Բեկջանը, շուլավերցի Բեգոն, օձնեցի Գևոն... հավաքվում են բազկատարած հաճարենու տակ, պաղ աղբյուրի գոգին ճոխ սեղան բացում, որ հարգ ու պատիվը տան իրենցից ոչ պակաս ջիգիթ տղուն։

Մի պահ խրոխտ կենացներ էին հնչում, մեկ էլ հանկարծ, զարմանքով նկատում են, որ Աղասին հոնքերը կիտած մռայլ ամպի նման սևակնել ու պատառ չի դնում բերանը։ Լոռվա քաջերն իրար են անցնում, անվերապահ իրենց օգնությունը առաջարկում Աղասուն, բայց մեծ է լինում նրանց վրդովմունը, երբ իմանում են, որ նրա հարազատ հայրն անազատության մեջ է` պարսկական բանտում։

Առաջինը տեղից վեր է թռչում Թումանյանի ապուպապը` Մեհրաբ Յուզբաշին.

- Թու՜, քու տղամարդ ասողին, քեզ իգիթ ասողին,-գոչում է,-բա մարդու հերն էլ բանտում ըլնի ու ինքը նստի քե՞ֆ անի... Բա քու պատիվն ու՞ր ա, բա քու նամուսն ու՞ր ա... Ափսոս էն հացը, որ կտրեցինք քու հետ, ափսոս մեր օջախին, հազար ափսոս...

Քեֆը հարամվում է, իգիթ տղերքը, խռոված լքում են ճոխ սուփրեն։

Հիմա պարտադի՞ր ա լոռեցի մի ղաչաղ մեզ գլխի գցի, որ կանգնենք մեր հայրենակիցների թասիբին:

Ախր, մենք շատ բան ենք գլխի ընկնում ու ոչ անտեղի կասկած ունենք, որ նրանք Բաքվին են հանձմվել նիկոլի խոսուն համաձայնությամբ։ Այլապես, որտեղից ջկողականությունը` Սամվել Բաբայանը սահմանն անցնի, իսկ Ռուբեն Վարդանյանը հանձնվի թշնամուն...

Արդյոք մեր իշխանություններն այսպես չե՞ն ձերբազատվում արժանավոր մրցակիցներից։

Եթե նիկոլի մատը խառը չէ, ապա ինչու՞ բերանը ջուր առած մի խոսք չի ասում ի պաշտպանություն նեղյալների:

Թե՞ սպասում է մինչև 26 թվականի ընտրությունները, մինչև իրական իշխանափոխության հնարավորությունը, մինչև իսպառ անցնի վտանգը...

Բա խի՞ղճը, ընտրյալի խի՞ղճը... Իր խիղճը սրտում չէ, ո՛չ էլ երիկամներում, այլ մի քիչ ավելի ներքև...

Ես լոռեցի եմ, ո՛չ իգիթ եմ, ո՛չ էլ ղաչաղ, բայց տառապում եմ հայի արժանապատվությամբ.

- Թու՜, մեր նանուսին, թու՜, անամոթ, հայերին...

Նմանները մեր գդակը, մեր պատիվն ու նամուսը գետնովն են տալիս, նրանք «խայտառակում են ողջ ռեսպուբլիկան», ես կասեի` նիկոլի մոգոնած Հայաստան պետությունը...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3153

Մեկնաբանություններ